Մենարան Վարդան Հակոբյան

Թռավ-գնաց ծաղիկը

Վարդան Հակոբյան

Թռավ-գնաց ծաղիկը՝ թիթեռնակին գտնելու,Եվ հարսնացավ մի երազ Աստվածամոր աչքերում,Եվ մի կարոտ մոռացված մի խաչքարի մոմ վառեց,Եվ ճամփեքի թռիչքում երկինք ու ձոր մերվեցին,Եվ աչքերս աստղերից կրակ էին դեռ քաղում։​Սլացքի մեջ երանիկ ծառը հավքին գտել է, -Եվ անձրեւը հեռացած բուրում է թեժ խոտերում,Եվ գարունքվա հայացքից բռնկվել է մի տաք հուշ,Եվ խենթացած մի բողբոջ գլխից տարավ արեւին,Եվ լցվում է օրը լույս մոմաթերթի պես վայրի։​Զանգակատան գմբեթին կապույտը հույս է մանում, -Եվ Տրտուի ափերով վեր են ելնում բյուր ջահեր,Եվ մի մրջյուն խոտն ի վեր մոտենում անհունին,Եվ առաքյալ մի վերին դեմքի փոշին է սրբում,Եվ աղմուկում ամբոխաց լողում է մի ոսկե զանգ։​Վռազում է ջրիկը՝ որ մերձենա ակունքին, -Եվ ծլում է աչքի մեջ հորիզոնը երկնաբույր,Եվ մի նիզակ վերքի մեջ դեռ ճոճում է ցողունը,Եվ Նեմրութա սարը պերճ ընտրել է իմ տան ուղին,Եվ իմ սրտին թոնրաթեժ ցող է ցանում մի սուրբ սեր։​Սարը հանկարծ վերհիշեց ֆիդայական հին մի երգ, -Եվ ձեն-ձենի արթնացան կածան ու քար քնեցված,Եվ ալիքը գետերում կրկին դարձավ երեխա,Եվ կտուցին տատրակի երգը նորից թռվռաց,Եվ Արաբոն տուն եկավ՝ ձիու ոտքին ճերմակ նախշ։