Մենարան Վարդան Հակոբյան

Արփագյուղակ

Վարդան Հակոբյան

Քո պատերից քարերն ընկան արցունք-արցունք,օրվա սարոտ հայացքի մեջ մանկություն է,Ցուրտ աղբյուրը հանդում լքված կրծքի մանուկ,ճամփաները՝ դեմքի վրա փակված դռներ.կորցրել եմ ինձ, կորցրել եմ ինձ ու չեմ գտնում։​Երկինքը քո հայացքի դեմ՝ ավերված հուշ,իմ օրոցքի տեղում այս ի՜նչ ծառ է ծաղկել,այնպես անխիղճ ձեռ է առնում իմ բախտը ինձ,վայրի մեղուն փչակներ է փնտրում ինձնում.կորցրել եմ ինձ, կորցրել եմ ինձ ու չեմ գտնում։​Խարսխված են օրերս ձեր ցավի վրա,այսպես, ախր, ո՞նց է լինում, ո՞նց կլինի՝տունը չկա, պատեր չկան, չկա ձեղուն,բայց շունը կա, բայց մնում է լույսը դեռ վառ...Կորցրել եմ ինձ, կորցրել եմ ինձ, օգնիր գտնեմ։