Մենարան Վարդան Հակոբյան

Հոգու սահմանները

Վարդան Հակոբյան

Աչքերը սովորաբար ավելի շուտ են հասնում այնտեղ, ուր ուզում ես գնալ։ Ձմռան լճակում պահված աստղիկի շողը, խնդրում եմ, տաքացրու քո ափի մեջ։​Կան ծաղիկներ՝ անհնարին բարձունքներում, որոնց չեն հասել ձեռքերդ, բայց աչքերդ թող գգվեն այնպես, որ ում նայում ես՝ ավելի գեղեցկանա։​Ճանապարհը՝ որքան էլ բանուկ, ամեն գնացող իր համար նորից է բացում, սակայն դու քայլ անելուց առաջ, հիշիր՝ պետք է գնալ հենց այնտեղ, ուր չի տանում ոչ մի ճանապարհ։​Հոգիդ երկինք է թռչելու մի օր եւ խառնվելու է բարձրում թեւածող աղավնիներին, քանի դեռ ուշ չէ, գոնե մի աղավնի թող իջնի քո ուսին եւ թեւերում ամփոփի աչքերիդ մեջ ծաղկող հեռուն։