Մենարան Վարդան Հակոբյան

Աղավնու կտցից ընկած ճամփաներ

Վարդան Հակոբյան

Վիլյամ Սարոյանին​Որտեղ հայ կա՝ ես եմ, աշխարհի որ ծագում էլ լինի,միայն ես չեմ ես,ես... կարոտ եմ պարզապես, որ ինքս եմ ստեղծել՝ ապրելու համար,քանզի առանց կարոտի ես այլեւս գոյություն չունեմ։​Լույսն արթնանում է մեղուների հետ, մեղուների հետ ծաղկանոց մտնում,եւ սկսվում է գարունը այդպես՝ հազարավանք իմ ընդերքներում։ Հեռանում եմ, որ կարոտեմ,եւ ապրվելու համար օրերը շարք են կանգնում՝ քանի չեն հոգնել ինձանից։​Վարդի թերթիկը աղավնու կտցից ընկնում է ուղիղ ճահճուտների մեջ,եւ երազի աղջիկը կորցնում է իր կացարանի դուռը՝ երբ ես շրջվում եմ հեռանալու,ինձ տանող արահետը մնում է խաշամների տակ՝ կանգնում եմ մոլոր, ո՞ւր գնալ։​Մոռացել եմ, չե՞ք կարող ասել, թե երբ է ելնում լուսաստղը Արփագետուկի խութում,քանի բողբոջի մեջ են գարնան խտուտն ու կաթնահոսքը արթնանում,եւ ինչու է Սեն-Ժոն-Պերսը՝ կրտսեր եղբայրը Նարեկացու, երկինքը շփոթել ծովի հետ։​Ամեն տերեւ մի ծածկագիր է աշնան ծրարում, քամին չի հասցնում բաժանել հասցեներով,իսկ երբ ես սար եմ հասնում՝ տատիս գելկապն «ընդունելուց» հետո, տեսնում եմ, թե ինչպես է գայլը խեղճ-խեղճ նստել մեր ձիուկի դիմաց, շուրթերը լիզում է, բայց բերանը բացել չի կարողանում։​Եթե քեզ չտանեմ ինձ հետ, ես ուր էլ հասնեմ՝ մեկ է,ինքս քեզ հետ մնալու եմ միշտ դրսում, իսկ Ամարասի պսակատան բուխարու վրա կամարված դիմաքարերը՝ճակատ-ճակատի, աչք-աչքի ու սիրտ-սրտի, հուշերից մեռոն են եփում։Բարձունքը վերեւն է, թե ներքեւն է բարձունքը, նայած՝ որտեղ է երգում հավքը,ես ուզում եմ գտնել այն, ինչ իմն է հավերժորեն, քանզի թռչունների խումբը երամ է դառնումմիայն այն պահին,երբ թռչում է համատեղ (պե՞տք է նաեւ մի ուշացած կռունկ, որ երամն ավելի երամ լինի)։​Որտեղ հայ կա՝ ես եմ, աշխարհի որ ծագում էլ լինի,միայն ես չեմ ես,ես... կարոտն եմ։ Հայն այս աշխարհում՝ որտեղ էլ ապրի,հանգչելիս... մեռնում է միշտ «մըր էրգրի» ճանապարհներին...