Մենարան Վարդան Հակոբյան

Եթե ես հանկարծ չլինեմ ես

Վարդան Հակոբյան

Ես գնում եմ իմ ճանապարհը։ Ինձ տանում է հեռուն, որը չի երեւում. չգիտեմ ինչ կա այնտեղ։ Եթե երազն ինձ այցելում է եւ արթմնի, ուրեմն ճանապարհի վերջում կա հանդիպում։ Ո՞ւմ հետ։​Ազատախոս լռություն։ Ծաղիկն ամեն մեկի մեջ, ով նայում է իրեն, գրում է անբառ բանաստեղծություններ։ Ծաղիկը ես չեմ՝ թե ես ծաղիկն եմ։​Մենք իրավունք չունենք պատի ետեւը չտեսնել, որովհետեւ այն, ինչ փնտրում ենք այսքան ժամանակ, գտնվում է միայն այնտեղ, ուր չի երեւում։ Իմ աչքերը հոսում են։​Այս տարի ամառը դեռ չէր գնացել, երբ եկավ աշունը։ Ամեն համբույրի մեջ մի քիչ թույն կա եւ յուրաքանչյուր ծնունդ մահապատիժ է։ Թալես, ճանաչիր ինքդ զքեզ։ Եվ՝ չափդ։​Երկինքը փաթիլ-փաթիլ իրեն մանրում է անծաղիկ հանդերի եւ օրերի վրա։ Եթե տեղափոխվելու լինեք մի այլ մոլորակ, չմոռանաք, խնդրեմ, վերցնել նաեւ հիշողությունը։​Մեղեդի՝ նշանակում է դեպի խորքը։ Մութն ինձ համար ավելի շուտ է ընկնում, քան ընկնում է մութը։ Իսկ իմ բառերն ինձ կկորցնեն, եթե ես հանկարծ չլինեմ ես։​Ես գնում եմ իմ ճանապարհը՝ առանց ճանապարհի հետ հանդիպելու։ Հոգուն համաձայնությունը չի տալիս այնքան, որքան՝ անհամաձայնությունը։ Այլուրը ծանրացել է ուսերիս։