Ես քեզ ասելու խոսքեր չեմ գտնում
Վարդան Հակոբյան
Ես քեզ ասելու խոսքեր չեմ գտնում.եւ իմ աչքերը վարդեր են քաղում,եւ հավքի թեւ է դառնում հայացքդ,եւ հապաղում է օրը վայրկյանում,եւ չես հասկանում անհասկանալին։Ես քեզ ասելու ասքեր եմ փնտրում.եւ փակ կողպեք չի մնում ինձանում,եւ քո թեւերն է մտնում աղբյուրը,եւ մեզնով ճամփան գտնում է իրեն,եւ չես հասկանում անհասկանալին։Ես քեզ ասելու աստղեր եմ փնտրում.եւ ծաղկած հաց է դառնում երկինքը,եւ լույսը մթան կողերն է ընկնում,եւ իմ մայրիկը տղա է բերում,եւ չես հասկանում անհասկանալին։Ես քեզ ասելու ծովեր եմ փնտրում.եւ հուշի գրկում խայտում են ձկներ,եւ այրվող շուրթին մարում է ցողը,եւ սերն Աստծու պատիժ է դառնում,եւ չես հասկանում անհասկանալին։Ես քեզ ասելու խոսքեր չեմ գտնում,Ես քեզ ասելու ասքեր չեմ գտնում,Ես քեզ ասելու աստղեր չեմ գտնում,Ես քեզ ասելու ծովեր չեմ գտնումեւ հասկանում եմ անհասկանալին...