Մենարան Վարդան Հակոբյան

Արցախը

Վարդան Հակոբյան

Արցախը՝ բարձրիկ, անհաս, անառիկ, լույսի խորան է,Տաճար Աստծո, ուր ամեն որդի սյուն-հենարան է.Ձեռքը՝ անարատ, սիրտը՝ սիրառատ, հոգին՝ Արարատ,Ուստրեր թե դուստրեր՝ մի-մի սրբած թուր, ոսկեբերան է։Ամեն սար բերդ է, երթ է հավատի, վանքադարան է,Հողը սխրանքի եւ ասպետության այբբենարան է.Աչքը՝ Մասիսին, թեւը՝ երկնքոտ, երամ կռունկի,Ճիչ ազատության, արդարության խիղճ ու զանգարան է։Կրակ ու կորով, եռք ու մաքառում, ավետարան է,Ուրիշ աշխարհ է Արցախն աշխարհում, արեգնարան է.Չարչրկված եզերք, երկիր ավետյաց ու դրախտավայր,Չմեռնող ոգու ակունք սրբազան, սուրբ վեհարան է։Այստեղ է թրծվում նիզակը Հայկի, հուր-թեժարան է,Ցավի մեջ անգամ ազգ միաբանող, սիրո մերան է.Ամեն քար ու դար ցողված են արյամբ նահատակների,Արցախը հայոց սիրտն է մշտավառ, հավերժարան է։