Մենարան Վարդան Հակոբյան

Քայլերիս մեջ

Վարդան Հակոբյան

Քայլերիս մեջ ողոքում եմ ճամփաները իմ չանցած, -Եվ ինչ-որ տեղ ինչ-որ մեկը գողանում է ինձ ինձանից,Եվ ծաղիկը սրտիս վրա քամվող ցավ է ու խոստում,Եվ տեսնում եմ, թե ինչպես է իմ արյունը ոգորում,Եվ չեմ ների նրան, որ, ախ, իմը չեղավ, բայց իմն է։​Խորտակվել է երկինքը բիլ իմ խորքերում անհատակ, -Եվ իմ դիմաց գլորվում են երկու անջուր տակառներ,Եվ ինձ քեզնից դուրս են տանում անտիրական օրվա պես,Եվ մրմունջ է դառնում պահս՝ արյան փայլից լերդացած,Եվ երեսիս փակվող դուռը քո ժպիտն է, որ իմն է։​Աստված իջել ոտաբոբիկ ու շրջում է փշերին, -Եվ աչքերս մարմրում են հույսի հանգչող ափերում,Եվ շիկացած երակներս արյան վազքից սարսում են,Եվ թեւերս, երկնի սովոր, հեծեծում են աղեկեզ,Եվ տունը, ուր պիտի գնամ, իմ տունը չէ, բայց իմն է։​Ներս եմ մտնում եւ կանգնում անխոս, անբառ ցավիս մեջ, -Եվ դռները դուրս են թռչում տան դռներով անկողպեք,Եվ չքվում է առաստաղը, եւ երկինքը բացվում է,Եվ երազը թեւս մտնում, ասում է՝ տար, տար ինձ, տար,Եվ անհունից լույս է թափվում, աղջկություն, օրհնանք, սեր...