Մենարան Վարդան Հակոբյան

Նախածաղիկ

Վարդան Հակոբյան

Ես միշտ մեկնում եմ այնտեղ, ուր ապրում էմենակությունը։ Ոչ մեկը իրականում ինքն իրմեջ չէ, բոլորը թափառում են իրենցիցդուրս, եւ, հետեւապես, բացառվում է հանդիպումը որեւէ մեկի հետ։​Երբ նայում էի չերեւացող հեռվին, հանկարծ զգացի, որ սիրում եմ։ Անսահմանությունը միշտ սահմանից այնկողմ է, եւ աստղագիտությունը սկսվում է սիրահարների աչքերից։Իսկ քո աչքերի մեջ կա մի գաղտնիք, որ, երդվում եմ, քեզ ստեղծող Աստվածն անգամ չգիտե։​Թեեւ ես միշտ նվագում եմ քնարի չունեցած լարերիվրա, այնուամենայնիվ, Ամփիոնը չեմ, եւ գիտեմ, որ սուտ ենանգամ Թեբեի պարիսպները։ Երբ համբուրում եմ շուրթերդ, աշխարհիբոլոր ծաղիկներն այդ պահին իմն են դառնում։​Տերեւն ընկնում է ծառից՝ ձայնս է։ Ես տեսել եմծաղիկն ինչպես է ինքն իրեն պարզում արեւին։ Որ երկինքըչծանրանա թռիչքում։ Լույսը չտամկանա։ Խոսքըչլերդանա։ Եվ ծովը կարողանա հասնել գետերի ետեւից։​Վշտի պահերին աչքերս շատանում են։ Ծառը բարձր է ինքն իրենից, միայն թե երկնքում ծաղկած ճյուղերը չեն երեւում։ «Զանգից-զանգ պարաններ կախեց, պատուհանից պատուհան՝դրասանգեր եւ շղթաներ՝ աստղից-աստղ»,ու դրանց տակ պարում է ինքը՝ Արթյուր Ռեմբոն՝ «անմեղությունից լալով»։​Երկինքը սահում է ամպերի վրայով։ Եվ լեռն՝ անդալուզյան ցուլիճակատով, ընթանում է դեպի թիկնոցը կարմիր ամպերի։ Պահը բացում է​աչքերը, իբրեւ կոպերի տակ վերջին առավոտն է լուսացնում հազար ու մեկ գիշերվա։ Խնձորենու ծաղկումը երեխա ծնվելու նման է լինում։​Ես ապրում եմ հավերժական անհայտության մեջ, որի դռներինգրված է անհասկանալի մի բառ՝ սեր։ Այն բացվում է դժոխքի եւդրախտի վրա։ Բոլորը, ի վերջո, հեռանում են (նաեւ՝ դու), եւ վերջում մնում է միայն ճանապարհը։Ինչպես կարող եմ սիրել, երբ հնարավոր չէ չսիրել։ Ինչ տաղտկալի է։​Ես միշտ մեկնում եմ այնտեղ, ուր ապրում էմենակությունը։ Ոչ մեկը իրականում ինքն իրմեջ չէ, բոլորը թափառում են իրենցիցդուրս, եւ, հետեւապես, բացառվում է հանդիպումը որեւէ մեկի հետ։